Գրքեր

Այգին` ձմռանը

1829թ.-ի ձմեռնն անցկացրեցի Պլոշչանսկայա Անապատում*: Այժմ էլ այնտեղ, այգում կանգնած է այն մենավոր, փայտե խուցը, որտեղ ապրում էի ընկերոջս հետ: Հանդարտ եղանակին, արևոտ ու պարզ օրերին, ես դուրս էի գալիս բակ, նստում էի նստարանին ու նայում լայնարձակ այգուն: Նրա մերկությունը ծածկված էր լինում ձյան ծածկոցով, շուրջբոլորն ամեն ինչ հանդարտ էր` ինչ-որ անկենդան և փառահեղ հանգստությամբ: Այդ տեսարանն սկսել էր ինձ դուր գալ` մտածկոտ հայացքներս, իրենցից անկախ, սևեռվում էին, գամվում նրան, ասես գաղտնիք էին ուզում հայտնաբերել այնտեղ:

Մի անգամ, ես նստել և ուշադրությամբ այգուն էի նայում: Հանկարծ, հոգուս աչքերից ցած ընկավ վարագույրը. հայացքիս առջև բացվեց բնության գիրքը: Այն գիրքը, որ կարդալու համար տրվել էր նախամարդ Ադամին, գիրք, որ Սուրբ Գրերի պես իր մեջ պարունակում է Հոգու խոսքերը: Ի՞նչ ուսմունք ես կարդացի այգում: Ուսմունք` մեռելների հարության մասին, մի ուժեղ ուսմունք, հարության գործողության պատկերմամբ ուսմունք: Եթե մենք սովոր չլինեինք գարնանը տեսնել բնության զարթոնքը, ապա այն մեզ հրաշալի և անհավանական կթվար: Չենք զարմանում սովորույթի պատճառով. հրաշքը տեսնելով, կարծես արդեն չենք էլ տեսնում այն: Նայում եմ ծառերի մերկացած ոստերին և նրանք իրենց խորհրդավոր լեզվով ու համոզմունքով ասում են ինձ. «մենք կվերակենդանանք, կծածկվենք տերևներով, անուշ բույր կարձակենք, կզարդարվենք ծաղիկներով և պտուղներով, իսկ մի՞թե մարդկային չոր ոսկորները չեն կենդանանա իրենց գարնան ժամին»:

Նրանք հարություն կառնեն, կպատվեն մարմնով` նոր տեսքով կմտնեն նոր կյանք և նոր աշխարհ: Ինչպես այն ծառերը, որ չեն դիմանում դաժան սառնամանիքին, կորցնում են կենաց հյութն ու գարնան գալուն պես կտրվում և դուրս են տարվում այգուց` որպես վառելիք, այնպես էլ իրենց կյանքը զուր վատնած մեղավորները կհավաքվեն այս ժամանակների վերջին օրն ու կնետվեն հավիտենական կրակի մեջ:

Եթե հնարավոր լիներ գտնել մի այնպիսի մարդու, որը չիմանար տարվա եղանակների փոփոխությունների մասին, և բերել այդ օտարականին այգի, որ մեռյալ քնով, փառահեղ կերպով, հանգչում է ձմռանը, ցույց տալ նրան մերկացած ծառերը և պատմել այն ճոխության մասին, որով նրանք զարդարվելու են գարնանը, ապա պատասխանի փոխարեն, նա կնայեր ձեզ և ուղղակի կժպտար` այնքան անիրականանալի հեքիաթ կթվային նրան ձեր խոսքերը: Այդպես էլ մեռյալների հարությունն է անհավանական թվում այն իմաստունների համար, որ թափառում են երկրային իմաստության խավարում, և չգիտեն, որ Աստված ամենակարող է, որ Նրա բազմազան Իմաստությունը կարող է տեսանելի լինել, բայց հասու չլինել արարածների մտքին: Աստծո համար ամեն ինչ հնարավոր է, Նրա համար հրաշքներ չկան: Այդ մարդկային միտքն է թույլ. այն` ինչ մենք սովոր չենք տեսնել, մեզ անիրականանալի բան է թվում, անհնարին մի հրաշք:  Աստծո գործերը, որոնց մենք միշտ ու անտարբերությամբ ենք նայում` զարմանահրաշ գործեր են, մեծագույն ու անհասանելի հրաշքներ:

Եվ տարեց տարի, ողջ մարդկության աչքի առջև, բնությունը կրկնում է մեռյալների հարության մասին ուսմունքը` պատկերելով այն վերափոխիչ ու խորհրդավոր գործողությամբ:

 

1843թ., Սերգիև Անապատ, Սրբազան Իգնատի Բրյանչանինով

 

* Այդ միաբանական մենաստանը գտնվում է Օրլովյան թեմում, Սևսկի և Դմիտրովսկի մեջտեղում, յուրաքանչյուրից 40 մղոն հեռավորության վրա:

 

Ռուսերենից թարգմանությունը` Էմիլիա Ապիցարյանի

08.01.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․